«Քաղաքացիական պայմանագիրը» Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ համ քայլերթ է անում, համ էլ որոշում, թե քանի մարդ է հարկավոր, որ կարողանան Բաղրամյան փողոցը փակել և թույլ չտալ, որ պատգամավորները մասնակցեն վարչապետի ընտրությանը: ԵՎ այս ողջ ընթացքում Նիկոլ Փաշինյանը մշտապես հայտարարում է, թե իրենք կողմ չեն բռնություններին ու ամեն ինչ անելու են խաղաղ ճանապարհով: Լավ, եթե Փաշինյանը կարծում է, որ փողոց փակելով ու առանց բռնության հնարավոր է հասնել այն բանի, որ պատգամավորները չկարողանան մտնել խորհրդարան, հարց է առաջանում, իսկ իրավապահ մարմիներն ի՞նչ է, ուղտի ականջում քնա՞ծ են: Նրանք էլ լուռ կհետևե՞ն, ինչպես իրենք են հաշվարկել, ԱԺ-ն ամբողջությամբ շրջափակելու համար անհրաժեշտ է 51,200 մարդը հավաքվի, իսկ թիրախային շրջափակման դեպքում էլ՝ 20,800 մարդ: Այս տարիներին ընդդիմադիր քաղաքական գործիչ Նիկոլ Փաշինյանի փորձը ի՞նչ է հուշում նրան, իսկապես իրավապահ համակարգն այդքա՜ն հանդուրժո՞ղ է փողոց փակողների ու պետական նշանակություն ունեցող տարածքների շրջափակման հարցում: Ի՞նչ հիմքով է նա այսօր հասարակությանը վստահեցնում, որ փողոցներ փակելու ընդդիմության տխուր փորձը չի կրկնվի: Գուցե նա միակն է այս երկրում, որ տեսնում է փողոց փակողների և ոստիկանների հաշտ համդաշնությունը: Բայց սա դեռ հարցի մի կողմն է:
Երբ ՔՊ-ի անդամները հաշվարկել են, որ փողոց փակելու համար առնվազն 50 հազար մարդ է հարկավոր, իրենք վստա՞հ են, որ այդքան մարդ իրենց շուրջն ունեն: Ամենևին չենք թերագնահատում Փաշինյանի կողմնակիցների մեծ քանակ ունենալու փաստը, բայց եթե այդքան մարդու մասին են խոսում, ուր են նրանք, որ չեն հետևում քայլերթ իրականացնող Փաշինյանին: Մշտապես ֆեյսբուքով ուղիղ եթերներ ապահովող Փաշինյանին շուրջ չէինք ասի, որ 30, լավ, գոնե 20 հազար մարդ կա: Նրա հետ են, ինչպես Փաշինյանն էր ասում, հրապարակ իրեն գործուղող ընտանիքի, ինչպես նաև կուսակցության որոշ անդամները Բա ու՞ր է փողոց փակողների բանակը, բա այսպիսի օրով մենակ կթողնե՞ն իրենց առաջնորդին, ասացին, չէ, քայլելն առողջություն է: Գոնե ձեր առողջության մասին մտածեք: Վաղը մյուս օրը փողոց փակելու հարց կա, ինչպե՞ս եք դիմադրելու: Մի քիչ էլ վաղվա մասին մտածեք, էլի:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ